Քաղաքական - Մեր պարտավորությունն է Արցախի հարցը կարգավորել արդարացի ձևով՝ մեր ազգային երազանքներին համապատասխան. Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից իրենց կառավարության հասցեին հնչող քննադատություններին, զենքի մատակարարման հետ կապված մտահոգություններին:


«Քիչ է մնում ասեն՝ «տղե՛րք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվե՛ք, հարձակվե՛ք, դուք` էն կողմից, մենք` էս: Զենքի մատակարարումը բնականոն, պլանավորված ձևով է ընթանում, այդ առումով ուզում եմ հուսախաբ անել: Խոսում եք, ուրեմն խոսեք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Հայ ժողովուրդն, ի հեճուկս ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի, պատրաստ է կանգնել մինչև վերջ` իր հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հարցին` Փաշինյանը շեշտեց, որ կառավարության և ժողովրդի ցանկությունների միջև Արցախի հարցի կարգավորման իմաստով որևէ խզում չկա, իրենք Արցախի հարցն ուզում են լուծել այնպես, ինչպես հավաքվածներից յուրաքանչյուրը: Նա նշեց, որ դա ճիգ ու ջանք է պահանջելու, ապա ասաց, որ բարեկեցության, զինվորի ծառայության պայմանների վրա պետք է լրջորեն աշխատել, դրա համար պետք է եկամուտներն ավելանան, հարկ վճարողները շատանան, ձեռնարկություններն ավելանան:

«Ես ձեզ հարց եմ տալիս, մեր պարտավորությունն է Ղարաբաղի հարցը կարգավորել արդարացի ձևով՝ մեր ազգային երազանքներին համապատասխան, բացառապես խաղաղ ճանապարհով, դուք, մենք` իրար հետ, պատրա՞ստ ենք ուս- ուսի տված այդ պատասխանատվությունը վերցնել, մեր ազգային երազանքների իրականացման պատասխանատվությունը»,- դիմելով ընտրողներին` հարց ուղղեց նա:

Փաշինյանը խոստացավ` գողացված փողերը վերադարձնելու են, ուղղեն ՀՀ զինված ուժերի ուժեղացմանը: Նա թվեր չասաց, անուններ չտվեց`անմեղության կանխավարկած չխախտելու համար, սակայն վստահեցրեց, որ այդ մարդիկ իրենց տարածը պետք է հետ բերեն, և դա օգտագործվի մեր Զինված ուժերը հզորացնելու գործում, զուգահեռաբար պետք է նաև տնտեսությունն ուժեղացնել:

Բնապահպանության ոլորտում, ըստ Փաշինյանի, Հայաստանի պատմության մեջ ստացվել է ամենամեծ դրամաշնորհը` 23 մլն դոլարի չափով: Նա նշեց, որ այդ դրամաշնորհի շրջանակներում առաջին նախաձեռնությունը սկսելու են Տավուշի մարզի Հաղարծին ու Թեղուտ համայնքներում, ապա ներառելու են նաև այլ համայնքներ:

«Այսօր կան բնակավայրեր, որտեղ մարդիկ ապրելու համար անտառ են կտրում, այդ անտառ կտրող ժողովրդին գրանտներ ենք առաջարկելու, ասենք` տուրիզմի ոլորտում ձեր տունը, բակը, միջավայրը, մտածեք, որևէ ձեռնարկություն ստեղծեք, մենք օգնենք, որ տուրիստները գան ձեր բնությամբ հիանալու և եկամուտ բերելու, հյուրատներ կառուցելու, սրճարաններ` անտառում, բնության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև խոստացավ` եթե ստանան ժողովրդի վստահության քվեն, ապա կրճատելու են նախարարությունների թիվը, որովհետև Հայաստանի համար 17 նախարարությունը շատ-շատ է, բարեփոխումներ են անելու ճանապարհային երթևեկության համակարգում, փորձելու են ստեղծել կարգազանց վարորդներին վարորդական իրավունքից զրկելու հնարավորություն: Առողջապահության ոլորտում, ըստ Փաշինյանի, պարտադիր պետք է ներդրվի առողջապահության ապահովագրության համակարգը, որպեսզի հիվանդները ստիպված չլինեն մնալ հիվանդանոցների դռներին, և սոցիալապես անապահով, անաշխատունակ խավը պետք է պետության կողմից երաշխավորված լինի, որ նրա առողջապահական կարիքները հոգան, իսկ աշխատողներին և հնարավորություն ունեցողներին պետք է ուղղորդել, որ նրանք առողջապահության ապահովագրություն իրականացնեն:


«Ամենակարևոր խնդիրն այն է, որ երկրի բնակչությունը պետք է ոչ թե պակասի, այլ ավելանա, առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, և դրա ամենամեծ միջոցը պետք է լինի մեծ հայրենադարձությունը: Ես ուրախ եմ, որ Հայաստան վերադարձողների թիվը մեկնածներից մեծ է, սա վերջին 10-ամյակի համար աննախադեպ ցուցանիշ է»,- նշեց նա:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ