Քաղաքական - «Մենք» դաշինքն առաջարկում է բանակը համալրել ևս 20.000 պայմանագրային զինծառայողներով

«Մենք» դաշինքն առաջարկում է բանակը համալրել եւս 20.000 պայմանագրային զինծառայողներով։ Այսօր՝ նոյեմբերի 27–ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրողների հետ հանդիպմանը «Մենք» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարան անցնելու դեպքում իրենք հետամուտ են լինելու, որպեսզի այս ծրագիրը կյանքի կոչվի։

«20.000 պայմանագրային զինծառայողը լրիվ բավարար է մեր սահմանների ամենաակտիվ կետերում ժամկետային զինծառայողներին հետ քաշելու համար։ Ժամկետայինները չպետք է կանգնեն սահմանագծում։ Ես 55 տարեկան մարդ եմ, կարող եմ կանգնել սահմանին եւ ինքնաձիգով նայել՝ մարդ գալիս է, թե ՝ ոչ , էդտեղ շատ բան չկա սովորելու, տեսականորեն պահակային աշխատանք է, առավել եւս այսօր սահմանին տեղադրված մշտադիտարկման սարքերի առկայության պարագայում, իսկ զինվորը պետք է հետ կանգնած լինի, պետք է ռազմական գործը սովորի, որ պատերազմի ժամանակ աշխատի։ 20.000 պայմանագրային զիծառակողների ծախսը 220 մլն դրամ է եւ այդ պայմաններում, զինծառայողը ստանալու է 1000 դոլարի չափ աշխատավարձ, որից 700 դոլարը տուն է տանելու, 300 դոլարը տարբեր հարկերի տեսքով է գնալու»,–ասաց նա։

 

Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ այս փոփոխության արդյունքում կլուծվի մարդկանց աշխատանքի տեղավորման հարցը։

«Պատկերացրեք, թե ինչքան մարդ չի գնա խոպան, ինչքան ընտանիքներ չեն բաժանվի, ինչքան փող կմտնի շրջանառության մեջ. սա շատ լուրջ խնդիր է, որ կհանգստացնի մեր ժղովրդին։ Սրա արդյունքում 18 տարեկան երեխա ունեցող ծնողները շաքարային դիաբետով չեն հիվանդանա, չեն վախենա, թե իրենց երեխան գնաց՝ ինչ եղավ, ամեն քաղաքական գործչի տափակ վերլուծությունից, թե վաղը պատերազմ է, չեն վախենա»։

Ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարեց, որ ներկա պայմաններում հնարավոր է 20 տոկոսով բարձրացնել մանկավարժների, բժիշկների, պաշտպանության ոլորտի սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձերը, իսկ կենսաթոշակները հնարավոր է բարձրացնել առնվազն 25 տոկոսով։

Նրա խոսքով՝ Հայաստանում մինչեւ 10 տարեկան երեխաների եւ կենսաթոշակային տարիքի քաղաքացիների բուժումը պետք է լինի անվճար։

«Դրանք բոլորը թվերով հաշված են, մեր նախընտրական ծրագրում ներկայացված. պատսրստ ենք ցանկացած իշխանավորի, ցանկացած նախկին կոռումպացված չինովնիկի հետ բավանիճել եւ ցույց տալ, թե ինչպես է հնարավոր այդ ցուցանիշն ապահովել»,–ասաց նա։

Քոքոբելյանը վստահեցրեց՝ իրենց ցուցակում գտնվող մարդիկ միշտ պայքարել են կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության դեմ: Նրա խոսքով՝ ընտրողը պետք է որոշի՝ ում քվե տա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին, Քոքոբելյանն ասաց. «Տղե՛րք, անհարմար է, այդ մտահոգությունը դուք եք առաջացրել, մտահոգ մարդիկ մեզ պետք է ձայն տան ու մեր նմաններին»։

Նշենք, որ «Մենք» դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Դաշինքի ցուցակը գլխավորւմ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: Նրան հաջորդում են «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 26-ից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ