Մշակույթ - Ախալքալաքում կկառուցվի Ամենայն Սրբոց Եկեղեցի

Ախալքալաքում օծվել է նոր եկեղեցու հիմքը, որը կառուցվելու է քաղաքի նախկին հիվանդանոցի տարածքում՝ մարզահամալիրի մոտ: Եկեղեցին կոչվելու է Ամենայն Սրբոց Եկեղեցի:

 

Jnews-ը գրում է, որ օծման կարգը կատարել են Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ-եպիսկոպոս Նիկոլոզը, Ախալցիխեի Տաո-Կլարջեթիի և Լազեթիի միտրոպոլիտ-եպիսկոպոս Թեոդորը: Օծման կարգին ներկա են եղել Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հայ եկեղեցու այլ հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարներ ու այլ հյուրեր և հավատացյալներ:

 

«Այն կլինի 12 նիստանոց եկեղեցի, այնպիսին, ինչպիսին XX դարում ժամանակակից Թուրքիայի տարածքում է եղել ու այն կոչվում էր Սուրբ Գևորգ եկեղեցի, և մենք որոշեցինք կառուցել դրա նմանը, որպիսի վերականգնվի պատմական արդարությունը», – ասել է Միտրոպոլիտ Նիկոլոզը:

 

Նա նաև պատմել է Ամենայն Սրբոց եկեղեցու կառուցման գաղափարի մասին. «3 տարի առաջ պատահաբար մեզ մոտ հայտնվեցին Սբ. Գևորգի մասունքները, մեկ ամիս մասունքները մեզ մոտ էին և շատ մարդիկ եկան դրանք տեսնելու, ու մենք սկսեցինք հավաքել մասունքներ: Այստեղից ծնվեց բոլոր սրբերին նվիրված տաճար կառուցելու գաղափարը: Մենք դիմեցինք իշխանություններին, որպեսզի տարածք հատկացնեն եկեղեցու կառուցման համար»։

 

Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը շնորհավորել և մաղթել է ամենայն բարին բոլորին և Վրաստանին:

 

«Միտրոպոլիտ Նիկոլոզը ցանկանում է, որ մարդիկ միավորվեն եկեղեցու շուրջ: Նա վաղուց գաղափար ուներ Ախալքալաքում կառուցել եկեղեցի, որտեղ լինեն տարբեր եկեղեցիների Սրբերի մասունքները: Եվ որ տաճարը բոլորի համար լինի՝ հայերի, կաթոլիկների և վրացիների և լինի խաղաղության խորհրդանիշ: Այդ նպատակով նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ով խոստացել է հնարավորության դեպքում Մայր Աթոռից փոխանցել Գրիգոր Լուսավորչի, Սբ. Գայանեի, Սբ. Հռիփսիմեի մասունքները, քանի որ այս սրբերը Վրաց Ուղղափառ եկեղեցում տոնելի սրբեր են», – ասել է եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ