Տնտեսություն - Ներդրումների մակարդակը շարունակում է հեռու մնալ այն ցանկալի ցուցանիշից, որ անհրաժեշտ է կայուն աճ ապահովելու համար. Տ. Խաչատրյան

Կան թույլ օղակներ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է ավելի ուշադիր լինենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

«Բիզնես միջավայրը համեմատվող աշխարհի հետ ներդաշնակ, համահունչ դարձնելու համար հարկերի վճարման իրավահարաբերությունների, պայմանագրերի կիրարկման ոլորտները պետք է բարելավվեն: Հայաստանում ներդրումների մեծ հոսք ապահովելը շատ կարևոր է, որովհետև ՀՀ տնտեսության ծավալը, ներքին շուկաների ծավալը բավական փոքր է, որ մտածենք մեծածավալ ներդրումներ ներգրավելու մասին, ներդրումների մակարդակը շարունակում է հեռու մնալ այն ցանկալի ցուցանիշից, որ անհրաժեշտ է կայուն աճ ապահովելու համար»,- ասաց Տ. Խաչատրյանը:

 

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ անհրաժեշտ է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների զգալի աճ: «Կան լուծելու հարցեր ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ տեղային ու կոնկրետ նշանակության»,- հավելեց նա՝ այս համատեքստում ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը:

Նա նշեց, որ եթե կա կոռուպցիա, ապա ներդրումների կատարմանը երկարաժամկետ տեսանկյունից վնաս է հասցվում:

«Պետություն-մասնավոր շրջանակ գործընկերության շրջանակներում ծրագրային առաջընթաց է պետք, բավարար իրավական կարգավորումներ են պետք, որ մասնավոր հատվածում ներդրում կատարողը պետության հետ նախապես քննարկի, պայմանավորվի, թե ինչպես կարող է պետությունը մեղմել հնարավոր կորուստները, վնասները»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների ու ծառայությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, վերացնել խոչընդոտները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ