Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ներկայացրած նախագիծը հանեց օրակարգից

Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

Դրանով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝

 

1. 2-րդ մասում լրացնել նոր «ա.1» կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից)»:

 

2. 2-րդ մասի «բ» կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«3) նստել տրանսպորտային միջոցի խցիկում (սրահում)»:

 

Օսիպյանը նշեց, որ նախագծի նպատակներից մեկն էլ վարորդ-ոստիկան շփումներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է: Նա մանրամասնեց` նախագծով առաջարկվում է, որ երբ Ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մեքենան, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած, սակայն, եթե վարորդն իր ցանկությամբ իջնում է, ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է պարտադրել, որ նա վերադառնա սրահ, իսկ չվերադառնալու դեպքում արդեն գործ են ունենում ոստիկանության աշխատակցի պահանջը չկատարելու հետ:

 

Վարչապետի պաշտոնակատարին զեկուցեցին, որ ներկայում վարորդի՝ մեքենայից դուրս գալը վարչական իրավախախտում է համարվում, իսկ այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում, որ նման իրավախախտում չառաջանա:

 

«Այսինքն՝ ասում ենք` կարող է նստել, չնստել, դուրս գալ, չգալ»,- ճշտեց Փաշինյանը:

 

Նա ցանկացավ ճշտել` ինչից է բխում այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, քանի որ ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ տրվում:

 

«Ես այս հարցը օրակարգից հանում եմ, թե չէ ինչի՞ է նմանվում՝ ոտքը հանեց, չհանեց, դուրս եկավ, չեկավ: Ես չգիտեմ` սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնո՞ւմ է, թե՞ հակառակը, ավելացնում»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ