Քաղաքական - ՊԵԿ նախագահը անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման շուրջ քննարկումներին

ՊԵԿ  նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին:


«Կա այդպիսի գաղափար, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին է խոսքը: Այսօրվա քննարկումները հիմնավոր չեն, կարող է այս կամ այն նախադասությունը կամ միտքը սխալ ընկալված լինի, սակայն առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ: Նախընտրական այս շրջանակներում ինչ-որ միտք կոնտեքստից վերցված կարող է մեկնաբանվել և շահարկումների առիթ դառնալ»,- ասաց նա:

 

Անանյանը նշեց, որ կոնկրետ նախագիծ չկա, կա գաղափար, դրա շուրջ կան տեսակետներ, որոնք նախ պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո պետք է դրվեն հանրային քննարկման, և դա լինելու է ամբողջ 2019 թ. ընթացքում, սակայն որևէ ակտերի փոփոխություն օրակարգում չկա:

 

ՊԵԿ նախագահն ասաց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ ինստիտուտը կա, Հայաստանի Հանրապետությունում էլ վաղուց քննարկվում է`արդյո՞ք նման ինստիտուտ կարելի է ներդնել, և առաջին անգամ տեխնիկապես այդպիսի հնարավորություն կա:


«Ստվերում կան բազմաթիվ եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում, եթե որոշել ենք, որ դրա դեմը պետք է առնենք, պետք է այս ինստիտուտը կայացնելու մասին մտածենք»,- ասաց Անանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ