Տարածաշրջան - Բելառուսն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է վաճառելու

Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների փակ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ադրբեջանական բանակին բելառուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ իրենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունը պայմանագրային տեսքի կբերեն։ Այս մասին հայտնում է բելառուսական պետական գործակալությունը։

 


Առիթից օգտվելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեն հուշագիր են ստորագրել համագործակցության վերաբերյալ, իսկ Իլհամ Ալիևի հիշատակել է իրենց գոհունակությունը Բելառուսից գնած զինատեսակների վերաբերյալ։

Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերին, որոնք ունեն 300 կմ հեռահարություն և Ադրբեջանին են վաճառվել այս տարի։ Նույնիսկ հայկական կողմի բողոքներից հետո Բելառուսը շարունակել է այս զինատեսակի հավելյալ խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին։ Սակայն նախկինում էլ Բելառուսը նաև տանկեր է վաճառել Ադրբեջանին։

 

Մասնավորապես, նաև այս թանկարժեք զինատեսակի վաճառքի շնորհիվ է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալի՝ 3,5 անգամ աճել է այս տարի, ինչի մասին երկու երկրների ղեկավարների փակ հանդիպումից առաջ հայտարարել է Լուկաշենկոն։ Խոսքը 331,5 միլիոն դոլար շրջանառության մասին է, որից 321,9 միլիոն դոլարը Բելառուսի արտահանումն է․ այսինքն՝ փաստացի Ադրբեջանը շատ շահավետ արտաքին շուկա է Բելառուսի համար։

Կարճատև այս զրույցից հետո երկու երկրների ղեկավարներն առանձնացել են փակ բանակցությունների անցկացման համար։ Թե ինչ է իրականում քննարկվել փակ դռների հետևում, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ այնտեղ քննարկվել է նաև վերջին շրջանի ամենաաղմկահարույց թեման՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ ներքին խոհանոցը ներկայացնելն ու Հայաստանից կոշտ արձագանքը դրան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ