Մամուլ - Բացի նախընտրական թոհուբուհից կան նաև ԵԱՏՄ համաժողով. արտաքին ֆրոնտում սպասողական են

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։

 

«Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։

Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։ Թեմայի շրջանակներում՝ եւս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրեւ թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ