Մամուլ - ՀՀԿ-ականները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 16-ին, տապալվեց ՀՀԿ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը:

 

Օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 28 պատգամավոր եւս 14-ը ձեռնպահ էր:


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ ինքը ձեռնպահ է քվեարկել: Օրինագիծը եւս մեկ անգամ քվեարկության դրվեց եւ ստացավ 43 կողմ ձայն ու կրկին չանցավ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Այս ամիսների ընթացքում աղանդավորական շարժումները գլուխ են բարձրացրել, դա մտահոգիչ է: Հաջորդ խորհրդարանին կխնդրեմ ավելի ուշադիր լինել ազգային եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Ցավում եմ, որ այս օրինագիծը տապալվեց»:

 

ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանն էլ խնդրեց վերականգնել պատկերը, որ երեւա, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց. «Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային հենասյուներից մեկն է եւ նրա անվտանգությունը պաշտպանելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Եթե որեւէ պատգամավոր բոյկոտում է, ուզում ենք իմանալ, թե ով է մեր արժեհամակարգի դեմ գործողություններ կատարում»: Պարզվեց, որ չեն քվեարկել տարբեր խմբակցությունների պատգամավորներ:

 

Հաջորդը քվեարկության դրվեց ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը: Այն եւս տապալվեց, կողմ էր ընդամենը 28 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց. «Կառավարության ներկայացուցիչը երեկ հավաստիացրեց, որ եթե կաթողիկոսը անվտանգության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի: Հատուկ դա արձանագրելու կարիք չկա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»:

Ի պատասխան Շարմազանովը նկատեց, որ չի կարելի կաթողիկոսի անվտանգության մասին խոսել «եթե»-ներով, քանի որ Սահմանադրությամբ Հայ եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի:

Օրինագծի հեղինակներից ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը եւս նշեց, որ այս հարցը չի կարելի թողնել կառավարության հայեցողությանը. «Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել, ասենք «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաների» անվտանգության հարցը կամ չլուծել:

ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում կաթողիկոսի անձը վտանգվել է եւ դա է հիմք դարձել այս օրինագծի համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ