Կրթություն - Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:


Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են:

 

«Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի և քառապատկի ջանքերը, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է և հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որոնք նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջև դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ նա կուտակած գիտելիքի և կարողությունների պաշարն ամբողջությամբ կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա ավելացրել է, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ