Քաղաքական - Մոսկվայում կայացել է «Դիվանագիտական ակումբի» աշնանային նիստը՝ նվիրված Հայաստանին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից հիմնադրված «Դիվանագիտական ակումբի» նիստը՝ նվիրված Հայաստանին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչները, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ եւ դիվանագետներ, ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու այլ կրթագիտական հաստատությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

 

Նիստի բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովը եւ ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր խոսքում հատկանշական է անվանել Դիվանագիտական ակումբի նիստի անցկացումը դեսպանությունում՝ Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատմական շենքում, որի հսկայական գիտական ժառանգությունը հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի եւ այլ գիտական հաստատությունների գործունեության համար։

«Մեզ համար նշանակալի է, որ այսօր դեսպանության ներքո տեղի է ունենում նման նախաձեռնություն։ Դեսպանությունն ու Դիվանագիտական ակադեմիան այսօր շարունակում են սերտ գործակցությունը տարաբնույթ ուղղություններով», - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Վարդան Տողանյանը Եվգենի Բաժանովին հանձնել է նաեւ դեսպանության ոսկե հուշամեդալը՝ գիտական եւ հումանիտար ոլորտում հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովը ներկաներին փոխանցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության ուղերձն ու խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին։

ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին, ողջունելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, ընդգծել է, որ Դիվանագիտական ակումբը հանդիսանում է կարեւոր հարթակ՝ պետական, գիտական եւ հասարակական տարբեր կառույցների միջեւ երկխոսության ամրապնդման եւ հանրային դիվանագիտության խթանման համար։

Հայաստանին նվիրված նիստը վարել են Դիվանագիտական ակումբի գործադիր տնօրեն Սյուզաննա Մկրտիչեւան եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։

Նիստը շարունակվել է Հայաստանի մշակույթին եւ պատմությանը նվիրված շնորհանդեսով։ Դեսպանության պատմական շենքում կազմակերպվել է նաեւ էքսկուրսիա։ Միջոցառման ավարտին ներկայացվել է Մշակութային կենտրոնի կողմից պատրաստված ծրագիրը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ