Տնտեսություն - «Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօրվա որոշմամբ «Վեոլիա Ջուր» ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով: Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ պատասխանատվությունը կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման համար:

 

ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք, զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ, միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, և «Վեոլիա Ջուր»-ը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների ևս, մասնավորապես՝ իրենց, գործելու այդ շուկայում: Նախկինում առանց որևէ խնդրի ընկերությունը համագործակցել է «Երևան ջուր» ընկերության հետ:

 

 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինը ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Սակայն որևէ կոնկրետ չափորոշիչ որպես այդպիսին չի ներկայացվել:

 

ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ՝ «Վեոլիա Ջուր»-ը, ունենալով մենաշնորհային դիրք, Հայաստանում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովելու հավասար մրցակցային պայմաններ:

 

Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գները: Այսպես. 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը ըստ տեսակների կազմել է 8 հազար 400 և 9 հազար 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 հազար 200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7 հազար դրամի: Այս տարի ևս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 հազար 300-ից մինչև 7 հազար 600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջներին, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբևիցե կասկածի տակ չի առնվել:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար: Գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազեն»-ի իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով:

ՏՄՊՊՀ-ը ընդգծում է նաև, որ «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ, ֆինանսական առումով եղել է ոչ արդյունավետ ծախս, այն բացասաբար է անդրադարձել նաև վերջնական սպառողների վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ