Հասարակություն - Վերջ պուճախային աշխատանքին. Արթուր Մեսչյան

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին:


«Սա իմ առաջին հանդիպումն է լրատվականների հետ: Իմ գլխավոր աշխատանքներից մեկն է լինելու ճշտել գլխավոր ճարտարապետի գործառույթները, նա պետք է ունենա որոշակի գործիքակազմ: Պետք է այնպես լինի, որ հետո եթե ուրիշն էլ լինի գլխավոր ճարտարապետ, հստակ ինստիտուտ աշխատի: Պուճախային աշխատանքին վերջ, ամեն մեկը, ելնելով իր անձնական շահերից, այլևս գործառույթ չի ունենալու», -ասել է Մեսչյանը:

 

Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել հոկտեմբերի 23-ին: Երևանի նորանաշանակ ճարտարապետը լրագրողներին ասել է, որ ինքը կլինի երևի առաջին գլխավոր ճարտարապետը, ով իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի իրականացնի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է համաձայնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնել, Մեսչյանը պատասխանել է.


«Ո՞նց կարող է հեշտ համաձայնեի այսքան պատասխանատու պաշտոնին: Իմ աջակցությունը քաղաքաշինության օրենքներն են: Ես պետք է մտածեմ քաղաքացիների մասին, հեշտացնեմ իրենց կյանքը: Եթե ես չունենայի աջակցություն քաղաքապետի կողմից, իհարկե, այստեղ նստած չէի լինի: Բանակցությունները տևեցին 1 ամիս, ես ընդունեցի առաջարկը, երբ ձեռք բերվեց գլխավոր ճարտարապետի աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը: Ա՛յ, եթե հիմա չկարողանամ աշխատել, ոչ ոքի չեմ մեղադրի, որովհետև գրեթե ամենը, ինչ խնդրել էի տալ իմ իրավասությանը, ինձ տրվեց», – ասել է Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ