Հասարակություն - Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու. Երևանի գլխավոր ճարտարապետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է ապօրինի շինարարությանը և կոչ արել այդկերպ շինարարական աշխատանքներ իրականացնողներին վերջ դնել այդ աշխատաոճին:


«Ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ, չի լինելու անօրինականություն, մի՛ ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով կատարեք, մենք կանենք հնարավորը, որ հեշտացնենք ձեր կյանքը»,- ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

Լրագրողները հարցրել են, թե ինչպես է վարվելու Երևանի գլխավոր ճարտարապետն արդեն իրականացված ապօրինի շինարարական ծրագրերի դեպքում:

«Շատ դժվար է, կարող են ծագել դատական հարցեր: Եկեք գոնե այսօրվանից, այս վայրկյանից այդ սխալները չկատարել: Լուծում ունեմ, բայց դա այսօրվա թեմա չէ: Մենք ունենք հրաշալի քաղաք, բայց ունենք պրոբլեմներ: Այդ պրոբլեմները լուծելի՞ են, այո՛, լուծելի են: Ինձ նախապատրաստական աշխատանք պետք չէ, ես գիտեմ՝ ինչից է պետք սկսել:


Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ: Այնպիսի նախագծերի են թույլտվություն տվել, որ ապշեցուցիչ է, մի քանի ագրեսիվ շինարարության դեպքում փորձել եմ ժամանակ տալ լուծման համար: Հուսով եմ՝ կստացվի լավ լուծում գտնել հօգուտ Երևանի: Երևանում ոչ մի հուշարձան, քանի դեռ ես ճարտարապետ եմ, չի քանդվելու»,- ասել է Արթուր Մեսչյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ