Տնտեսություն - Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով:

 

Ջանջուղազյանից հետո ոլորտի հատկացումներին անդրադարձավ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Նա էլ ասաց, որ նախորդի հետ համեմատ հաջորդ տարի ոլորտին կհատկացվի շուրջ ութ միլիարդով ավել գումար։

Ըստ Հարությունյանի՝ մի շարք ուղղություններով արձանագրել են հատակցվող գումարների ավելացում, օրինակ՝ հանրակրթության ոլորտին շուրջ 4,3 միլիարդ դրամով ավելի գումար է տրամադրվելու, որը կուղղվի ոլորտի կազմակերպմանը, միջնակարգ հանրակրթության ենթածրագրի իրականացմանը և այլն։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հատկացվող գումարը մոտ երկու անգամ ավելացել է։

 

«Դպրոցաշինությանը նույնպես բավականին գումարներ են հատկացվելու՝ 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է կապիտալ ներդրումներ դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում»,- ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե գիտական, գիտահետազոտական ինչպիսի ռեսուրսներ ունենք և արդյոք օպտիմալ կերպով ենք այդ ռեսուրսներն օգտագործում։

«Չեմ կարծում, որ որոշումները շատ կոմֆորտային լինեն, բայց առավելագույնը պետք է անենք, որ ոլորտն օպտիմալանա և արդյունավետությունը մեծանա։ Այս բյուջեն, ըստ էության, իներցիոն է, այս փոփոխություններից հետո էլ բյուջեում փոփոխություններ կլինեն, կախված նոր ծրագրերից, իսկ ծրագրերը շատ են»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նշենք, որ այս տարի կրթության և գիտության ոլորտին հատկացվելու է շուրջ 139 միլիարդ 286 միլիոն 300 հազար դրամ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ