Տարածաշրջան - Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին հայտնվել հիվանդանոցում, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

Միջադեպը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահական ընտրություններից 2 օր անց: Միջադեպի պատճառ էր դարձել այն, որ ընդդիմադիր կուսակցության անդամներն ու աջակիցները նախորդ օրը Մկոյաններին պատկանող բենզալցակայանի տարածքում պոկել էին իշխող կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառները:

 

Դեպքի հետևանքով տուժել էին Աշոտ Ռաիսյանը, Միշա Աբգարյանը, Աբրահամ և Տիգրան Աբրահամյանները: Նրանք հայտարարում են, որ իրենց գրասենյակ են ներխուժել վրացական իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու սկսել են ծեծել իրենց:

 

Զանգվածային ծեծկռտուքի մեջ մեղադրվողներին սպառնում է տուգանք, 40-200 ժամ հանրօգուտ աշխատանքի կատարում կամ մինչև 2 տարվա ազատազրկում:

 

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ տուժածները չեն համագործակցել հետաքննության հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ