Քաղաքական - Քաղաքապետը հանդիպել է կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երեւանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ այլք:

 

 Կարեւորելով նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր մոտեցումները մայրաքաղաքի կառուցապատման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:
 
 
 
Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման հարցում Հայկ Մարությանը կարեւորել է գործարար շրջանակների մասնակցությունը եւ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը լինելու է բոլոր ներդրողների գործընկերն ու աջակիցը:
 
 

«Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարեւորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում եւ գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ: Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլեւ օգտակար կլինեն», - նշել է քաղաքապետը:

 

 Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձեւավորված բացասական ընկալումը:
 
 
«Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության եւ տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը:
 
 
Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են համայնքի հետ աշխատանքների հետ կապված որոշ նկատառումներ, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի, ավարտական ակտերի ու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացի վերաբերյալ՝ ակնկալելով պարզեցված համակարգեր կառուցապատողների համար:
 
 
 
Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ ապօրինի շինարարության կանխարգելմանը եւ կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետեւողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ