Միջազգային - ԱՄՆ-ը չեղարկել է երկու թուրք նախարարների դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն վերացրել է երկու թուրք նախարարների դեմ ավելի վաղ հայտարարած պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ թուրքական բանտում գտնվելու ընթացքում:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ու արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն այլևս ազատ կարող են ճանապարհորդել ԱՄՆ: Չեղարկվել է նաև նրանց հետ ցանկացած տեսակի գործարքի մեջ մտնելու արգելքն ու ԱՄՆ-ում հնարավոր անշարժ գույքի կամ դրամական հաշիվների բռնագրավման պահանջը, որը սահմանվել էր ըստ կիրառված պատժամիջոցների:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: ԱՄՆ-ը Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին լուրջ պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ:

Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ