Տնտեսություն - Հայաստանը 2,5 մլրդ դրամ կտա միջազգային կազմակերպությունների անդամակցության համար

2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործառույթների կատարման համար կտրամադրվի 14,9 միլիարդ դրամ։ Դրանից 10,3 միլիարդ դրամը կօգտագործվի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

 

«Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ 2,5 միլիարդ դրամ կամ ընդհանուր արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ 17 տոկոսը», – նշեց Ջանջուղազյանը։

Գումարների մի մասն էլ կծախսվի պետական կառավարման, ինչպես նաև արարողակարգային և այլ միջոցառումների ֆինանսավորման համար։

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարցրեց` որքան կլինի արտաքին քաղաքականությանն ուղղվող ֆինանսավորումը, եթե դրա մեջ ներառվեն նաև այն ֆինանսական միջոցները, որոնցով այլ գերատեսչությունները կատարում են արտաքին հարաբերություններին ուղղված գործունեություն, ինչին ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատասխանեց՝ 15 միլիարդ 700 միլիոն դրամ, այսինքն 800 միլիոնով ավելի, քան ԱԳՆ բյուջեն է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ