Քաղաքական - Փակուղու մեջ պետք է գտնենք ելքեր. Փաշինյան

Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

«Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. երբ մարդկանց դիմում ենք կոչով, ասում ենք` հարստացե՛ք ու հարստացրե՛ք, մտադիր չենք տարբերակել ըստ քաղաքական նախասիրությունների և հայացքների: Մենք ցանկանում ենք, որ բոլոր գործարարները լինեն հաջողակ. երբ նրանք գործեն օրինականության դաշտում, կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը իր բաժինը այդ եկամուտներից ստանում է: Մենք որևէ մեկի համար, ով կարող է արդյունք ստեղծել, խոչընդոտ չենք ստեղծելու, հակառակը, ստեղծելու ենք պայմաններ, որ ավելՙի հաջողակ լինեն, քան կլինեին խոչընդոտների պարագայում կամ ընդհանրապես չէին լինի»,- ասաց նա:

 

 

Փաշինյանը նշեց` իրենք ասում են` եկեք գումարը չօգտագործենք մեր երկրի, քաղաքացիների կամքը, քաղաքական կարգավիճակը նսեմացնելու համար: Նա շեշտեց, որ իրենք չեն վախենում, թե որևէ մեկը շատ փող կաշխատի, հակառակը, պատրաստ են բոլորին օգնել, որ օրինական ճանապարհով հնարավորինս շատ փող ստանան, բայց թույլ չեն տալու, որ փողի գործադրմամբ որևէ մեկի քաղաքական կամքի արտահայտումը խոչընդոտվի և նրա քաղաքական կարգավիճակը նսեմացվի:

 

«Իմ կարծիքով՝ հեղափոխությունից հետո պետք է առաջին հերթին մտածողության փոփոխություն տեղի ունենա, և դա պետք է ձևակերպվի հետևյալ կերպ, որ ցանկացած փակուղու մեջ պետք է փնտրենք և գտնենք ելքեր, ցանկացած անհնարինության մեջ տեսնենք հնարավորություններ: Այս բանաձևով կարողացել ենք քաղաքական փոփոխություն անել, պետք է կարողանանք նաև տնտեսական փոփոխություն անել»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ