Քաղաքական - ԱԺ նախագահի հայտարարությունը` վարչապետի ընտրության մասին

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է

 

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը ԱԺ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, որի ժամանակ վարչապետ չի ընտրվել:

 

Սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը նշել է, որ առաջին փուլից հետո 7 օրը լրանում է հոկտեմբերի 31-ին ժամը 15.45-ից սկսած:

 

Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածը սահմանում է, որ եթե այդ ընթացքում ԱԺ հերթական նիստեր չկան, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ եւ հատուկ նիստ է նշանակում ժամը 12.00-ին: Իսկ քանի որ հոկտեմբերի 31-ին ժամը 12-ին դեռեւս 7 օրը լրացած չէ, ապա վարչապետի ընտրության երկրորդ փուլը կնշանակվի նոյեմբերի 1-ին, ժամը 12-ին:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Եթե երկրորդ փուլում եւս վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ:

 

Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ