Քաղաքական - Այն գործարարները, որոնց մտքով կանցնի տնտեսության մեջ մինի փոթորիկ առաջացնել, հուսով եմ՝ գիտեն, որ քամի չեն ցանի, որովհետև փոթորիկ կստանան. Փաշինյան

Լավատեսություն է տիրում գործարար դաշտում, իմիջիայլոց թվերն էլ դա են հուշում. Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներդրողների հետ հանդիպմանը:

 

«Ես ԱԺ-ում էլ ասացի, մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ ցավոք տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու գործարարի գործունեությունից կամ տրամադրությունից: Կարող է մեկ սեփականատեր վատ տրամադրությամբ արթնանալ, և մտքով անցնի տնտեսության մեջ մինի փոթորիկ առաջացնել: Հույս ունեմ, որ բոլորը գիտեն՝ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև փոթորիկ կստանան ի պատասխան»,-ասաց նա:

 

Լրագրողները վարչապետի ԺՊ-ից հետաքրքրվեցին, թե որ պատգամավորի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ առնչվում է խոշոր կոռուպցիոն բացահայտման հետ: Փաշինյանը հրաժարվեց անուն նշելուց, բացատրելով, որ ինչպես մեղադրում են իրեն՝ դրանով կխախտի անմեղության կանխավարկածը:

 

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իր հայտարարությունից երևում է, որ գործին լավ ծանոթ է, ուստի միջամտում է իրավական գործերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նույն մարդիկ նաև ասում են, որ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարը վերջացրել է, և ինքը մութ գործարքների է գնացել: «Այսինքն՝ վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություն տարածեն, թե ես որևէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնամ, նախկին իշխանությունը 20 տարի խնդրում էր կուլիսային գործարքի գնալ»,-ասաց նա:

 

Իսկ թե արդյոք չի՞ միջամտում գործին՝ հայտարարելով, որ գործը 100 տոկոսով բացահայտված է, վարչապետն ասաց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և երբ որ օպերատիվ գործողություններ է իրականացնում, տեղյակ է նաև վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմիցս ասել են, որ ՀՀ-ում կոռուպցիա կա, որը խարխլել է երկիրը և ամենավերին օղակների հետ է կապված: «Դրանով որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտվո՞ւմ է, թե ոչ: Անունը չենք նշել, եթե կասկածյալ ներգրավվի, ուրեմն հիմքեր կան, թափանցիկ կլինի ու կհասկանաք»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ