Մամուլ - Արցախում օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որտեղ առկա ձևակերպումն առաջացրել է` անհանգստություն

«Փաստ» թերթը գրում է. Արցախում օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որտեղ առկա ձևակերպումն առաջացրել է «Արդարություն» կուսակցության անհանգստությունը: Խոսքը «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին է:

 

«Այդ նախագիծը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին սեփականաշնորհման իրավունքով տրամադրել հողատարածքներ՝ այգիներ հիմնադրելու նպատակով: Առհասարակ, Արցախի իշխանությունների մոտ հետաքրքիր պրակտիկա է առաջացել, որը տարիների պատմություն ունի. եթե ցանկանում են ինչ–որ ծրագիր իրականացնել, սակայն օրենքը դա թույլ չի տալիս, անպայմանորեն մտածում են օրենքի մեջ նոր փոփոխություններ մտցնելու մասին: Այսինքն՝ տվյալ ձեռնարկը դարձնում են օրինական: Նույն նպատակն է հետապնդում վերոնշյալ նախագիծը, որը ներկայացվել էր Ազգային ժողովին:

 

 

Նախագիծը, սակայն, դեռևս չի ընդունվել, որովհետև վերադարձվել է գլխամասային հանձնաժողով: Մենք սպասում ենք հետագա քննարկմանը»,– «Փաստի» հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը: Խոսելով նախագծից բխող մտահոգությունների մասին՝ նա նշեց. «Նախ՝ իրեն հարգող երկիրն իր հողերը չի վաճառի օտարերկրյա քաղաքացիներին: Մանավանդ, երբ չգիտենք՝ իրենք ինչ քաղաքացիներ են, արդյո՞ք միջնորդավորված չեն լինի: Ի վերջո, այդ հողի սեփականատերերը կարող են նաև սնանկանալ և ստիպված լինել իրենց հողաբաժինը վաճառել որևէ բանկի կամ վերավաճառել այլ քաղաքացիների, և այդպես, փաստորեն, մենք զրկվում ենք այդ տարածքների վրա վերահսկողության իրավունքից:

 

Վտանգը այստեղ է, սակայն կա նաև այլ նրբություն. բազմաթիվ այգիներ, որոնք համայնքային սեփականություն են հանդիսանում, գտնվում են խոշոր հողատերերի, ինչ–որ չինովնիկների, բիզնեսմենների տրամադրության տակ: Եվ նրանք, փաստորեն, իրենց այգիները մշակում են վարձակալության հիմունքներով: Կա նաև այսպիսի մի վտանգ, որ այդ փոփոխություններով փորձում են օրինականացնել և սեփականաշնորհման օրինական իրավունք ձեռք բերել նաև այդ համայնքների մերձակա տարածքների այգիների մասով: Որպեսզի այդ այգիները սեփականաշնորհվեն, օրենքում կատարում են այս փոփոխությունները»:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ կա նաև մեկ այլ նրբություն. «Քանի որ վարձակալած տարածքները չեն կարող գրավադրվել բանկերում, դրանով իսկ լուծվում է նաև այդ խնդիրը: Այսինքն՝ օրենքի փոփոխությունները թույլ կտան նաև բանկում գրավադրման իրավունք ձեռք բերել»: Անդրադառնալով բուն նախագծին և իրենց դիրքորոշմանը՝ Մարսել Պետրոսյանը շեշտեց. «Մենք կտրականապես դեմ ենք, որ մեր հողերը սեփականության իրավունքով վաճառվեն օտարերկրացի քաղաքացիներին: Նույն հաջողությամբ այդ հողերի սեփականատերերը կարող են միջնորդավորված ձևով դառնալ մեր հակառակորդներն ու թշնամիները: Մենք դիմել ենք Ազգային ժողովին, բայց պատասխան չենք ստացել:

 

Փոխարենը լղոզված մի տեքստով մեզ պատասխանել է ԱՀ գյուղնախարարությունը: Մենք ստիպված ենք եղել երկրորդ անգամ դիմել: Բաց նամակով ենք դիմել, սակայն առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չկա թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության կողմից: Երևի սա էլ պատասխանի մի ձև է: Այն իմաստով, որ ամենահետաքրքիրը լռությունն է՝ լռության են մատնել»:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ