Քաղաքական - Հարուցվել է քրգործ. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հողամասը վաճառել են շուկայականից 5 անգամ ցածր գնով

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

 

Այս առնչությամբ, Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.


«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երեւանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը եւ սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն ընդգրկված է Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում եւ, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով:

 

Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000 ՀՀ դրամ:

 

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26–ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ