Հասարակություն - ՊԵԿ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին եւ նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

 

 

ՀՔԾ-ից  հայտնում են, որ ըստ մեղադրանքների` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության փաստացի ղեկավարից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նույն բաժնի պետ Ս. Է.-ի եւ գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի հետ:

 

2018 թվականի հոկտեմբերի 15-ին Ս. Ա.-ն եւ Վ. Լ.-ն հանդիպել են ընկերության ղեկավարին եւ վերջինիս անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ: Այնուհետեւ Ս. Ա.-ն ընկերության ղեկավարից պահանջել է հաջորդ օրն իր աշխատավայրում հանդիպել իրեն:

 

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հանդիպման ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով, նրանից անձամբ պահանջել է 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տալ 250.000-300.000 ՀՀ դրամ կաշառք:

 

2018 թվականի հոկտեմբերի 19-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության գործունեությանն իր, բաժնի պետի եւ գլխավոր հարկային տեսուչի կողմից չխոչընդոտելու դիմաց խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

 

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության ղեկավարին եւ նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս եւ ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու եւ տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից, իսկ կաշառքի առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել եւ վերցվել է:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Ա.-ի, Վ. Լ.-ի եւ Ս. Է.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, եւ վերը նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ