Քաղաքական - Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ` մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսություն. Փաշինյան

Շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան:

 

«Սիրո եւ համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք եւ ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարաման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ