Տարածաշրջան - Ադրբեջանը խորացնում է ռազմական կապերն Իսրայելի հետ

Ադրբեջանը խորացնում է ռազմական կապերն Իսրայելի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արտյոմ Բալասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հոկտեմբերի 23-ին մեկնել է Իսրայել:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հանդիպումներ կունենա իր պաշտոնակցի, Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, կայցելի ռազմաարդյունաբերական համակարգի մի շարք ընկերություններ: Անցած սեպտեմբերին Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը:

 

Ռուսաստանից հետո Իսրայելն Ադրբեջանին սպառազինությունների երկրորդ մատակարարն է: Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին`ադրբեջանա-իսրայելական ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։

 

Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ` Իսրայել, Պակիստան, Ուկրաինա`անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։ Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններՆ այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին:

 

Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից: Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:

 

Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ՝ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:

 

Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ