Մշակույթ - Մեծ ցանկություն ունենք արդեն խմբով հանդես գալ դրսում․ Արմինե Հունանյան

Հայաստանի վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանի հիմնած «Նազանի» ժողովրդական երգի և գործիքների անսամբլը, որը լավագույններից մեկն է Հայաստանում, հաջորդ տարի կնշի իր ստեղծման 15-ամյակը։

 

Tesaket.info-ն անդրադարձել է անսամբլի գործունեությանը և զրուցել գեղարվեստական ղեկավար Արուս Գուլանյանի և երաժշտական ղեկավար Արմինե Հունանյանի հետ, ով Արուս Գուլանյանի դուստրն է:

 

«Ես մեծ բեմերում եմ հանդես եկել, բազմաթիվ պարգևների եմ արժանացել, վայելում եմ ժողովրդիս սերն ու հարգանքը։ Երբ ստեղծեցի այս անսամբլը ցանկությունս մեկն էր, մեր երիտասարդությանը փոխանցել այն մեծ փորձը, որն ունեմ։

 

Այս տարիների ընթացքում փորձել ենք երիտասարդների մեջ սերմանել սերը դեպի հայկական ժողովրդական երգը։ Մեր սաները իրենց լավագույնս են դրսևորել, թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս»,-նշեց վաստակավոր արտիստուհին հավելելով, որ անսամբլում ընդգրկված են հենց իրենց սաները։

 

«Քանի որ մայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ժողովրդական երգին, 2004 թվականին որոշեց ստեղծել «Նազանի» անսամբլը, որը մինչ օրս գործում է և ակտիվ գործունեություն ծավալում։ Իհարկե երաժշտական միջավայրում մեծանալով չէի կարող չժառանգել սերը դեպի մեր ժողովրդական երգը, և ինքս էլ երգում և դասավանդում եմ՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում»,- հավելեց դուստրը՝ Արմինե Հունանյանը։


Անդրադառնալով անսամբլի գործունեությանը, Արուս Գուլանյանը նշեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ են գրանցել, և անսամբլի շատ տաղանդավոր երտասարդներ կարողացել են բարձր մակարդակով ներկայացնել հայկական ժողովրդական մշակույթը։

 

«Ցավոք այս տարի, որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Ինչպես բոլորի մոտ, մեզ մոտ նույնպես դժվար ժամանակներ են։ Համերգները համեմատած նախորդ տարիների բավականին պակասել են։ Դժվար ժամանակներ են, որոնք համոզված ենք, որ կանցնեն»։

 

Անսամբլի ղեկավարը նշեց, որ նրանց պրոդյուսեր է հարկավոր, ով կկարողանա զբաղվել կազմակերպչական, ֆինանսական և այլ անհրաժեշտ հարցերով, քանի որ այս տարիների ընթացքում անսամբլը գոյատևել է միայն իր սեփական միջոցներով։

 

«Մայրս ինքնուրույն է հասել այն ամենին ինչ ունի այսօր, մեզ համար այս պահին առաջնայինը մեր անսամբլն է․ մեծ ցանկություն ունենք հանդես գալ դրսում՝ ավելի մեծ բեմերում։ Մասնակցում ենք բարեգործական համերգների, հաճախ ստանում ենք հրավերներ, ինքներս կազմակերպում ենք համերգային ծրագրեր մարզկենտրոններում»։

 

Արմինե Հունանյանը նշեց, որ իրենք միշտ պատրաստ են ցանկացած համագործակցության և առաջարկի։

 

Նա տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 2-ին իր մոր և անսամբլի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանի տարեդարձն է, որի առթիվ պատրաստվում են մեծ միջոցառում իրականացնել, իսկ արդեն նոյեմբերի 20-ին տեղի կունենա «Նազանի» անսամբլի և նրա գեղարվեստական ղեկավարի, ամենամյա համատեղ համերգային միջոցառումը, որը ևս մեկ հնարավորոթյուն կստեղծի ժողովրդական երգի սիրահարներին վայելելու և գնահատելու իրենց կատարած մեծ աշխատանքը։

 

Դիանա Հարությունյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ