Քաղաքական - Քաղաքապետը անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները անբավարար է գնահատել։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայկ Մարությանը նշել է՝ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը եւ էլ ավելի խստացվի վերահսկողությունը:


Մայրաքաղաքում ապօրինի շինարարության եւ հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը եւ կիրառել խիստ վարչարարություն:

«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու եւ ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաեւ ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որեւէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում եւ անմիջապես»,-նշել է քաղաքապետը:

 

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների եւ բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետին զեկուցվել է նաեւ, որ նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 92 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 38-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետեւելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման ընթացքին:

«Այսուհետ ես անձամբ հետեւելու եմ նաեւ այս աշխատանքներին եւ ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին: «Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետեւենք եւ իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքերին, աշխատակազմի համապատասխան վարչություններին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաեւ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ