Մամուլ - Հայաստանի իշխանությունները չեն կարողանում քաղաքական ստույգ որոշում կայացնել. Աշոտյան

Հայաստանի իշխանությունները չեն կարողանում  քաղաքական ստույգ որոշում կայացնել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե փոփոխված ընտրական օրենսգիրք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նրա խոսքով, եթե Ընտրական օրենսգիրքն ընդունվի էլ, առանց քաղաքական կոնսենսուսի է ընդունվելու. «Կստացվի, որ հակասում է ժողովրդավարության դասական կանոններին»:

 

 

Աշոտյանը հստակ չպատասխանեց, թե արդյոք ՀՀԿ-ն դե՞մ է լինելու Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում քաղաքական կոնսենսուսին՝ նշելով, որ իրենց խմբակցությունը իր տեսակետը կարտահայտի:

 

«Կան ժողովրդավարության կանոններ եւ ոչ մի թավշյա հեղափոխություն չի կարող փոխել այդ կանոնը: Ինչքան ուզում է Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը լայվ մտնի, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեն, դա չի փոխվելու: Հետեւաբար, եթե իրոք ուզում ենք ժողովրդավարություն անել, ժողովրդավարության անել հակաժողովրդավարական կանոններով, պարզապես աբսուրդ է: Իմ տեսակետը շատ պարզ էր, եթե ուզում եք հապճեպ ընտրություններ, ապա Ընտրական օրենսգրքի լրջագույնս փոփոխություններ անել չեք կարող: Կարող եք քվեարկել տալ, համոզել, բայց դա չի լինելու այն, ինչի մասին խոստանում եք հասարակությանը»,-հայտարարեց Աշոտյանը:

 

Նա նկատեց, որ իշխանությունների նպատակն այն է, որ լինեն ավելի ժողովրդավարական ընտրություններ. «Բոլոր նախկին ընտրությունները քըխ էին, էս մեկը լավն է լինելու: OK, բայց ո՞նց: Մարդիկ տանը կոմպոտ զակատ անելուն ավելի երկար են պատրաստվում, քան այստեղ 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ուզում են օրենսգիրք անցկացնել»,-ասաց նա:

 

 

Աշոտյանը պնդեց, որ իրենց իշխանության օրոք որեւէ սահմանադրական օրենքի լրջագույն փոփոխություն այսպես հապշտապ չի արվել:

 

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Կառավարությունն առաջարկել է, որ այն քննարկվի 24-ամյա ռեժիմում, սակայն ավելի ուշ համաձայնեցին քննարկումն իրականացնել 72-ժամյա ռեժիմում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ