Մշակույթ - Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում

Նախօրեին Ախալցխայի «Վահրամ Գայֆեճյան»-ի անվան ստեղծագործողների միությունում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում։

 

akhaltskha.net-ի հաղորդմամբ, միջոցառման մեկնարկը տրվել է Ախալցխայի հայկական դպրոցից, որտեղ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը ներկաների հետ մեկտեղ ծաղիկներ են խոնարհել Շառլ Ազնավուրի պատվին կանգնեցված աղբյուրի առջև (հեղինակ՝ Ալեքսանդր Իգիթխանյան)։

 

«Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում ելույթներով հանդես են եկել միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, դեսպան Ռուբեն Սադոյանը և շատ ուրիշներ։

 

Միջոցառման ավարտին հյուրերը դիտել են պատմական կադրեր, որոնցում նկարահանված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 2005թ․ այցը Ախալցխա։

 

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրը ծնունդով հենց Ախալցխա քաղաքից էր։ Ազնավուրը իր կյանքի ընթացքում երկու անգամ այցելել է Ախալցխա։ Առաջի այցը տեղի է ունեցել 2005թ, որի ժամանակ Ազնավուրը այցելել է հայկական դպրոց և տեսել նրա անվան տեղադրված աղբյուրը (հեղինակ Ալեքսանդր Իգիթխանյան), որի վրա թողել է իր ստորագրությունը։ Իսկ երկրորդ այցելությունը Ախալցխա 2012 թվականին էր, երբ նա մասնակցել է Ռաբաթի բերդի բացման արարողությանը և համերգ տվել բերդի համալիրում։ Նրա պատվին այն ժամանակ Ռաբաթի բերդի տարածքում բացվել է աստղ։

 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։

 

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ