Քաղաքական - Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրգործ իր ունեցվածքի մասով. Վանեցյան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այս մասին այսօր հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է։ Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, նա պատասխանատվություն կկրի, իսկ ինչ վերաբերում է «Երևան հիմնադրամին» առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»,–նշեց նա։

 

«Երևան» հիմնադրամի մասով Վանեցյանը հայտնեց, որ պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ, իսկ մնացած 810 մլն դրամը կվճարվի առաջիկայում.

 

««Երևան» հիմնադրամի տնօրենն ընդունեց, որ հիմնադրամում եղել են բացթողումներ։ Նա պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը, այդ գումարից 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ կվճարվի առաջիկայում»։

 

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ հակված չէ «մարդկանց տանել–նստեցնել, լցնել բերդերը». «Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել և պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»։

 

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

 

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

 

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ