Քաղաքական - Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կանադայի հետ օդային հաղորդակցության դյուրացման հարցով բանակցելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 

«Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների: Կարող ենք ասել, որ այս ընթացքում շատ լավ մթնոլորտ և տրամադրություն է մեր հարաբերություններում: Հիմա կարիք կա իսկապես այդ տրամադրությանը համապատասխան գործեր, ծրագրեր, նախագծեր իրականացնել և համագործակցությունը դնել ավելի շոշափելի հիմքերի վրա, ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել: Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան: Մենք Ձեզ ընկալում ենք` որպես լավ բարեկամ, լավ ընկեր ու հույս ունեմ, որ այդպես էլ Դուք եք ընկալում մեր երկիրը, մեր կառավարությունը»:

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է.

 

«Շնորհակալություն Նիկոլ, իսկապես փոխադարձ են այդ զգացմունքները Հայաստանի և Կանադայի միջև: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փայլուն և արտակարգ անցկացնելու համար: Հեշտ բան չէ նման միջազգային միջոցառում կազմակերպելը, իսկապես այն արտակարգ բարձր մակարդակով անցկացվեց: Մեր զրույցներում անպայման կփորձենք հասնել նրան, որպեսզի դյուրացնենք մեր ժողովուրդների միջև շփումները, որպեսզի հնարավորինս հեշտացվի նաև օդային հաղորդակցությունը, որպեսզի նպաստավոր միջավայր ստեղծվի ներդրումների համար, որպեսզի կարողանանք սատարել ձեռնարկատերերին, տնտեսության զարգացմանը՝ այդ ամենը բերելով ավելի մեծ բարգավաճման, ինչպես նաև ուշադրություն դարձնենք քաղաքական ասպարեզում և ժողովրդավարության ճանապարհին ձեր հաջողություններին ևս: Եվ ես ակնկալում եմ Ձեզ հետ արգասաբեր աշխատանք»:

 

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Քաղաքական, տնտեսական, գործարար, մշակութային, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում կապերն ակտիվացնելու համատեքստում երկու երկրների վարչապետները նախ և առաջ կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև օդային հաղորդակցության դյուրացումը և կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Այդ նպատակով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ բանակցություններ սկսել հարցի շուրջ և ներկայացնել կոնկրետ առաջարկությունների փաթեթ:

 

Հայաստանի վարչապետը Կանադայի վարչապետին է ներկայացրել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, տնտեսական կառուցվածքը փոխելու, կոռուպցիան վերացնելու ուղղությամբ կատարվող քայլերը և բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մեր երկրի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր գործարարի հետևյալ 2 նախապայմանը հարգելու դեպքում՝ գործունեությունն իրականացնել օրենքին համապատասխան և վճարել հարկեր։ «Մենք ուզում ենք ձևավորել նոր իրավիճակ, նոր միջավայր և նոր հնարավորություններ», – նշել է ՀՀ վարչապետը՝ առաջարկելով Ջասթին Թրյուդոյին կանադական բիզնեսին փոխանցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը և ՀՀ կառավարության համագործակցության պատրաստակամությունը:

 

Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման հարցին՝ վարչապետը, ի թիվս այլ ոլորտների, հեռանկարային է համարել ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների բարելավման, բնական ռեսուրսների կառավարման բնագավառներում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է նաև հանքարդյունաբերության լիցենզավորման, կառավարման և վերահսկման ոլորտում կանադական փորձը փոխառելու հարցում:

 

Կանադայի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համատեղ ակտիվ աշխատել Հայաստանի վարչապետի նշած ուղղություններով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ծրագրեր իրականացնելու և հայ-կանադական կապերն էլ ավելի զարգացնելու համար:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ժողովրդավարության զարգացմանը, արդյունավետ կառավարմանը, քաղաքացիական հասարակությանը, հասարակական և քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, փոխանակվել տեղեկատվությամբ այս ուղղություններով Հայաստանում և Կանադայում առկա իրավիճակի վերաբերյալ:

 

Կանադայի վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների հարցին՝ նշելով, որ կանայք կարող են լուրջ դերակատարներ լինել ժողովրդավարական գործընթացների հաջողման, տնտեսական առաջընթացի և կառավարման արդյունավետության բարձրացման գործում, և պետք է աջակցել ու խրախուսել նրանց:

 

Վարչապետ Փաշինյանը համակարծիք է եղել Կանադայի վարչապետի հետ՝ ընդգծելով, որ կանայք կարևոր մասնակցություն և մեծ դեր են ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողման գործում, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է խթանելու նրանց ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, կառավարման համակարգում և բիզնես ոլորտում:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների շուրջ:

 

ՀՀ վարչապետը Կանադայի վարչապետին ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունը՝ ընդգծելով, որ դա տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը: Խոսքը գնում է Արցախի բնակչության ապրելու իրավունքի մասին, և Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի միջազգային գործընկերները տեղեկացված լինեն բանակցային գործընթացի և իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների ճանապարհով:

 

Կանադայի վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ երկխոսության և միջազգային ընդունված ձևաչափով բանակցությունների շարունակումը:

 

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են նաև հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, մասնավորապես, Սիրիայից պատերազմի հետևանքով գաղթած փախստականների խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ջերմությամբ է հիշում սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին Կանադայի կառավարության և անձամբ վարչապետի ցուցաբերած ընդունելությունը, որը հուզիչ էր և ոգևորիչ: Իր հերթին Ջասթին Թրյուդոն ասել է, որ սիրիացի փախստականներին ընդունելու, ապաստան տալու, նրանց հումանիտար կարիքները հոգալու և ինտեգրմանն աջակցելու հարցում Հայաստանի փորձը ևս օրինակելի է և գնահատելի:

 

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Կանադայի հաստատակամ և ակտիվ դիրքորոշման համար:

 

Ջասթին Թրյուդոն բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և ընդգծել, որ Կանադան մշտապես բարեկամ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ