Հասարակություն - Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը։ «Հետհեղափոխական Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը հիրավի մեծ իրադարձություն է, քանզի ժողովրդավարության վերելք ապրող մեր հայրենիքի համար սա աշխարհին նորովի ներկայանալու հրաշալի հնարավորություն է»,-ասել է նախարարը և համոզմունք հայտնել, որ այսօրինակ բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։

 

 

Պատրիկ Դևեջյանն իր և Օ-Դը-Սեն նահանգի աշխատակազմի ու ավագանու անդամների անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքներում արդեն տասը տարի իրականացվող ներդրումային ծրագրերի տեսանելի և շոշափելի ձեռքբերումները ստիպում են մտածել փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր գաղափարների և տեսլականների ուղղությամբ։

 

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախորդ տասը տարիների ընթացքում Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում ջրանցքների, ոռոգման համակարգերի, ագրոբազաների կառուցման, անասնաբուծական և անասնապահական տարաբնույթ ծրագրերի իրականացման համար և նկատել, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության այս մասնավոր դրսևորումն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները ընդարձակելու իր գործնական և բովանդակային աշխարհագրությունը։

 

 

Նախարարին ներկայացնելով ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդությունները՝ Պատրիկ Դևեջյանը մտահոգություն է հայտնել գյուղացիների շրջանում գյուղատնտեսությանն ու ագրոարդյունաբերությանը վերաբերող գործնական գիտելիքների ցածր մակարդակի կապակցությամբ և առաջարկել մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով քննարկել Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության դպրոց ստեղծելու հնարավորությունները։

 

Սուրեն Պապիկյանը խիստ արդիական է գնահատել գյուղատնտեսական հենքով կրթական հաստատություն ստեղծելու առաջարկը և արձանագրել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Տավուշի մարզում նորագույն տեխնոլոգիաների և առաջադեմ գիտելիքների վրա հիմնված գյուղատնտեսությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար և ապագայում կարող է արձանագրել լրջագույն արդյունքներ։ Նախարարը հյուրերին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները և պատրաստ` իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել եվրոպական գյուղատնտեսական հարուստ փորձը Հայաստանում ներդնելու ծրագրերին։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ