Հասարակություն - Արդարադատության նախարարությունը արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 

Նախարարի խոսքով՝ թեև առաջին անգամ է նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իր մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր՝ ի ապացույց որի տարիներ առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից երկու անգամ արժանացել է «Ոսկե բանալու»:

 

«Պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության ցուցիչ: Տեղեկատվության ազատության այս արժևորումն ի թիվս այլնի կապված է նրա հետ, որ տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն:

 

Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- ասել է նախարարը և նշել, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, զարգացմանն ու պաշտպանությանը:

 

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:

 

«Տեղեկատվություն ստանալու իրավունքի առումով ուղղակի անհնար է չանդրադառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ որոնց շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից և կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատություն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը և խոսքն ավարտել շնորհակալությամբ, շնորհակալությամբ բոլորին, մասնավորապես ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը կիրառելու, պաշտպանելու և զարգացնելու համար:

 

«ՏԱ» մրցանակաբաշխության ժամանակ Արդարադատության նախարարությունն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման և գործարկման համար: Հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ