Տնտեսություն - Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ-ի հետ ավելացել են 21 տոկոսով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գործարար համայնքի միջև: Քննարկվել են մաքսային կանոնակարգման, հարկային վարչարարության, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման խնդիրներ:

 

Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ միասնական տարածքում և ի՞նչ հիմնական խոչընդոտների են շարունակում բախվել հայ գործարարները:

 

«Հայաստանը մի երկիր է, որը անջատ է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքից: Մենք չունենք ընդհանուր սահմաններ և ստիպված ենք շփվել երրորդ, այսինքն՝ տարանցիկ երկրների միջոցով: Այստեղից էլ պարզ է դառնում, որ բեռները, որոնք գալիս են Հայաստանից կամ գնում են Հայաստան, հայտնվում են մաքսային տարանցման գործընթացներում, ինչը չկա ԵԱՏՄ մյուս երկրների պարագայում:

 

Սա, իհարկե, որոշակի բարդություններ է ստեղծում, և կարծում եմ պետք է Հայաստանի համար մաքսային կարգավորումների և վերահսկողության առանձին մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան նվազեցնել մաքսային վարչարարության բեռը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ապրանքաշրջանառությունը զգալի աճ է գրանցել: Հատկապես այդ աճը տեսանելի է Ռուսաստանի և Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունում: Առայժմ էական աճ չկա միջինասիական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրային հարաբերություններում, ինչը կապված է փոխադրումների խնդրի հետ»,- ասել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր ժակսիլիկովը:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն էլ նշել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ մյուս երկրների հետ, 2018-ի հունիս-հուլիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 21 տոկոսով, իսկ արտահանման ծավալները՝ 31 տոկոսով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ