Հասարակություն - 4 հազար գյուղացիների 60 հազարական դրամ սուբսիդիա կտրվի. Կառավարությունը որոշում կայացրեց

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում ընդունել է ՀՀ գյուղնախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

 

Նախագիծը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա պիլոտային ծրագիր է լինելու.

 

«Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին:

 

Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ»,-հայտարարել է նախարարը՝ հավելել, որ առաջարկում են այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից:

 

Այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, տնտեսվարողների եկամուտների բարձրացում: Բացի այդ, ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով և կդառնան 3 հազար հեկտար, ասել էԱրթուր Խաչատրյանը:

 

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մմշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,-ընդգծել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ