Հասարակություն - «Էրեխես գնաց, մի կտոր հացի պես». Ժորիկի վրա կրակել են ու թողել են անօգնական վիճակում

Սոֆիկ Ղևոնդյանը   օտարների՝ Երևանից Լոռու մարզի իր հեռավոր գյուղ Գոգավան հասած լրագրողների առաջ «բացվել» չգիտի, զուսպ է, հետևում է, որ սենյակում հով լինի: Ինքնատիրապետումը կորցրել է միայն հուլիսի 24-ին: Անասուններին էր կերակրում, երբ ոստիկանները գյուղապետի հետ բերեցին գույժը. որդին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանը մահացել է մարտական հերթապահության ժամանակ:  

 
Սոֆիկը պատմում է. «Մըն էլ տեհա՝ միլիցեքը լցվեցին տուն: Գյուղապետը փաթաթվեց ամուսնուս,  մի միտք գլխումս շարժվեց: Որ իմացանք ՝ էդ ա, ուշքս գնաց, բուժքույր կանչեցինք, հազիվ խելքի բերեցին»: 
 
 
19-ամյա Ժորիկը հասցրեց ծառայել Վայքի զորամասում ընդամենը 6 ամիս: Ծառայում էր լավ: Սիրում էր ծառայությունը: Նույնիսկ երբ 12 օրով գյուղ էր եկել արձակուրդի, ձանձրացել է, ասել է՝ ուզում եմ շուտ ավարտվի արձակուրդս, որ գնամ, ծառայեմ:  Մահվան օրը առաջին անգամ է բարձրացած եղել «պոստեր»: 
 
 
Հուլիսի 24-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ նույն  օրը ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-ով` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամն առաջացրել է մարդու մահ: Կրակողը՝ Արմեն Ադամյանը, կալանավորված է: 
 
 
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», - ասվում է հաղորդման մեջ:  ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Իսկ ահա, թե ինչպես են ներկայացրել կատարվածը զոհված տղայի ընտանիքին: Պատմում է Ժորիկ Պետրոսյանի ավագ եղբայրը՝ Սամվել Պետրոսյանը, որը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ինչպես Գոգավանի տղամարդկանցից շատերը, և եղբոր մահվան մասին իմանալով, վերադարձել է գյուղ: 
 
 
«Երեխու հետ եկած սպաները պատմեցին, որ ինքը, էլի մի քանի տղա, նստած են եղել հերթափոխի սենյակում, կոֆե են խմել: Տղաներից մեկը՝ Արմեն Ադամյան, խփողը, զենքը վերցրել է ու հակառակորդի կողմն է պահել:  Եղբայրս ու արտաշատցի մի զինվոր նստած են եղել, սա թեքվել ա դեպի արտաշատցին,  նա ասել ա ՝  էն յան տար զենքդ, մեզ վրա մի  պահի: Զենքը հետ տանելու ընթացքում «կուռոկը» /ձգանը/  սեղմվել է: Երեխու թշից փամփուշտը մտել է, հետևի թիակով դեւրս է եկել»: Ոչ Սամվելը, ոչ զոհվածի մյուս հարազատները չեն հավատում սպաներին: «Սա ուղղակի հեքիաթ ա: Տենց բան չի կարող լինել», - ասում է Սամվել Պետրոյանը: 
 
 
 
Նա կասկածում է, որ եղբորը սպանել են: «Եթե ոնց որ իրենք են պատմում երկու մետրի վրա է կրակել, էդքան մոտ տարածքից, ուրեմն, թշի վրա այրվածք պետք է լիներ, բայց նման բան չկա», - ասում է Պետրոսյանը: Նրան կասկածելի է նաև այն հանգամանքը, որ եղբոր բջջային հեռախոսը մինչ օրս գտնված չէ: Մայրը Ժորիկի հետ խոսել է դեպքից երկու օր առաջ: 
 
 
 
«Ասի՝ ազիզ ջան, ո՞նց ես, ասեց՝ լավ, ուժեղ ձեն լսվեց, ժխոռ եղավ ու անջատվեց հեռախոսը, ահասանելի դարձավ ընդմիշտ: Հեռախոսը չեն գտել: Մի քանի հոգու միջից ո՞նց ա անհետացել դա, եթե 3-4 հոգի են եղել, ո՞ւր է կորել էդ հեռախոսը», - հարցնում է Սոֆիկ Ղևոնդյանը: 
 
 
 
Ժորիկը մահացել է դեմքի վիրավորումից: Ըստ 8-րդ կայազորային քննչական բաժնի նյութերի, մարտական դիրքի դիտորդ Արմեն Ադամյանը, «արթուն հերթափոխի պարտականությունները կատարելիս, «չստուգելով իրեն ամրակցված հրացանի լիցքավորված լինելու հանգամանքը, սեղմել է ձգանը, որի արդյունքում արձակված կրակոցից տվյալ խրամաբջիջի դիմաց նստած նույն գումարտակի պատտդիր ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանը դեմքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որն առաջացրել է նրա մահը»: 
 
 
 
Սոֆիկ Ղևոնդյանին հանգիստ չի տալիս միտքը, որ տղային կարող էին փրկել: Նա մտքերով անընդհատ վերադառնում է այն պահին, երբ տղան վիրավորվեց: Զարմանում է. «Սիրտը չէր, ուղեղը չէր, դեմքն էր; Երակը կտրվել ա, արյունը չեն կանգնացրել: Ո՞նց չեն բերել հիվանդանոց: Ինչո՞ւ են էրեխին  թողել անօգնական»: Մոր հարցերին պատասխան տվող չկա: Զորամասից արդարացել են, թե «չաստի»  Շտապօգնության մեքենան տեղում չի եղել, գնացած է եղել Սիսիան: Դիրքում բուժակն է եղել այդ պահին, որը, սակայն չի կարողացել կանգնեցնել երակից հորդող արյունը; 
 
 
 
Փաստորեն, զինծառայողը չի ստացել առաջին օգնություն: Եթե ստանար, գուցե և կենդանի լիներ:  Ի դեպ, Վայքի զորամասի սպաները իրենց հետ դիահերձարան են բերել գործով որպես վկա անցնող զինվորներին և հրահանգել են նրանց, որ սպանվածի հարազատներին  պատմեն, թե ոնց է եղել դեպքը: Տղաների փոխարեն, սակայն, խոսել են սպաները: 
 
 
 
«Զինվորները եղել են աֆիցերների կողմից մարզած-բերած, - վստահեցնում է զոհվածի եղբայրը, - աֆիցերները խոսում էին, պտտվում, հարց էին տալիս՝ տենց ա եղել, թե չէ: Նրանք ՝էլ ի՞նչ պիտի ասեին, պարզ է, պետք է հաստատեին»: Հենց դիահերձարանում Սամվել Պետրոսյանը ասել է սպաներին. 
 
 
 
«Եղբորս Խփել են»: Ասում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու եղբոր մահվան առեղծվածի բացահայտմանը: Ծառայողական անփութության վարկածին Պետրոսյանները չեն հավատում և տպավորություն ունեն, որ զորամասի ղեկավարությունը ամեն ինչ անում է դիրքի ավագին պատասխանատվությունից փրկելու համար: 
 
 
 
«Մեզ ասեցին, որ ավագը քնած է եղել և ոչինչ չի տեսել: Եթե իմ «պոստը» հանում են «մալադոյ», ես «պոստ» պահող «սալդատին» պետք է ուշադիր լինեմ: Ո՞նց կարող եմ ես քնել: Իր քնի ժամը չէր, հանգստի ժամը չի եղել»: «Եթե դասի ժամանակ ուսուցիչը ներկա չի լինեւոմ, երեխաները ո՞նց են իրենց պահում: Անկանոն, չէ?  Նույնն էլ այդտեղ է լինում», - տրտնջում է զինվորի մայրը և կրկին դառնում է «սկոռիին», որը կարող էր փրկել զավակին, բայց չեկավ, -էրեխես մի կտոր հացի պես գնաց»:  
 
 
 
Հ.Գ . Պետրոսյանները զոհված զինծառայողի հարազատները 500 հազար դրամ են ստացել իրենց որդուն հուղարկավորելու համար: Նաև մարզպետարանն է օգնություն տվել: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զոհվածի ընտանիքնը պետք է ստանա ՊՆ-ից մոտ 4 մլն դրամ: «Դրա մեջ մտնում են հուղարկավորության ծախսերը, եթե հարազատները հրաժարվում են Պանթեոնում, կամ պետական այլ գերեզմանոցում հուղարկավորելուց, ապահովագրության, այլ նպատակային գումարները: Դրանք մաս-մաս են տալիս: Իսկ այդ 500 հազարը, ամենայն հավանականությամբ, զորամասն է հավաքել ընտանիքին օգնելու համար»: Նա խոստացավ, որ կհետաքրքրվի և մանրամասն տեղեկություններ կտրամադրի այդ մասին:  
 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ