Միջազգային - Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար. Տարո Կոնո

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, որն աշխատանքային այցով Հայաստանում է առաջին անգամ, սեպտեմբերի 3-ին լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման արդյունքները:

 

«Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է Հայաստան այցելել առաջին անգամ որպես Ճապոնիայի ԱԳ նախարար` 2015 թվականին Ճապոնիայի դեսպանատան հաստատումից և անցյալ տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշումից ի վեր: Ճապոնիան շեշտում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը, Ճապոնիան գործընկերն է հիմնարար արժեքների իր որդեգրման մեջ, մենք քննարկեցինք, թե Հայաստանն ու Ճապոնիան ինչպես կարող են համագործակցել՝ առաջ տանելով մեր երկկողմ հարաբերությունները»,- ասաց նա:

 

Նախարարը նշեց, որ Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ դիվանագետների, փաստաբանների և այլ մասնագետների պատրաստման հարցում, որոնք հիմնական դերակատարներն են պետականության կառուցման ու ժողովուրդների միջև փոխանակումների: Կոնոն նաև հայտնեց, որ Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար ժողովուրդների միջև փոխանակումները դյուրացնելու համար: Նախարարի խոսքերով` Ճապոնիան նախատեսում է միանալ միջազգային օժանդակությանը` Հայաստանի ընտրությունների գործընթացին ընդառաջ: Նա ասաց, որ տնտեսության ասպարեզում մտադիր են խթանել համագործակցությունը նորարարության ոլորտում:

 

Կոնոն անդրադարձավ նաև Կովկասում կայունության պահպանման կարևորությանը, նա նշեց.

 

«Կովկասի կայունությունը մտահոգության առարկա է ոչ միայն տարածաշրջանային մակարդակով, այլև էական է խաղաղության և անվտանգության համար առհասարակ միջազգային հանրության տեսանկյունից: Ճապոնիան կուզեր առաջ տանել համագործակցությունը Կովկասի տարածաշրջանի հետ` վերջինիս ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով, և հենց այդ նպատակով Ճապոնիան այս այցի ընթացքում առաջարկեց Կովկասյան նախաձեռնություն, այն երկու հենասյուն ունի, առաջինը` օժանդակություն է տրամադրվելու մարդկային ռեսուրսների զարգացման համար, մանավանդ պետականաշինության ասպարեզում, երկրորդ` օժանդակություն կտրամադրվի` «գրավիչ Կովկաս» հասկացության համար ճանապարհ հարթելու նպատակով, այսինքն` ենթակառուցվածքի զարգացման և բիզնես-միջավայրի բարելավման համար օժանդակություն. ես կուզեի բազմատեսակ երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ խարսխել հենց այս տեսլականի վրա»:

 

Նախարարը նաև հայտնեց, որ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Արևելյան Ասիայի, Կովկասի և Միջին Արևելքի հարցերի շուրջ, անդրադարձել են երկկողմ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, Կոնոն ասաց, որ կարծիքներ են փոխանակել ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի իրականացման կարևորության վերաբերյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ