Հասարակություն - Սեպտեմբերի 2-ը ԼՂՀ Անկախության օրն է

Սեպտեմբերի 2-ին, լրանում է ԼՂՀ հռչակման 27-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

 

1991թ. դեկտեմբեր 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ԼՂ բնակչությունը պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին:

 

Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ) դրական պատասխանեց այդ հարցին:

 

Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

 

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում։ Այս տարի նույնպես մի շարք տոնակատարություններ են նախատեսված։

 

Տոնական միջոցառումները սկսվել են դեռ երեկ: Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական և հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Իր ելույթում նԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ սեպտեմբերի 2-ին Արցախը Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության և ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ