Հասարակություն - Վաչագան Ղազարյանի կինը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին ասել է նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը:

 

Նա նշել է, որ նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել:

 

Պաշտպանը հավելել է, որ Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, նույն բովանդակության է, ինչ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը:

 

«Եթե Վաչագան Ղազարյանը կոնկրետ այս մեղադրանքով չի հանդիսանում սուբյեկտ, ապա նրա հետ փոխկապակցված անձը նույնպես չի համարվում սուբյեկտ: Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը այնքանով է մեղադրանք, ինչքանով փոխկապակցված է Վաչագան  Ղազարյանի պաշտոնի հետ»,- նշել է Արմեն Հարությունյանը:

 

 

ՀՔԾ-ում օգոստոսի 3-ին Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

 

Ռ. Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25.000.000 ՀՀ դրամ, 29.000 ԱՄՆ դոլար և 17.400 եվրո դրամական միջոցներ: Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է:

 

Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ