Կրթություն - Արայիկ Հարությունյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությունը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:

 

Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա.


«Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ ինձ համար ուղենշային է եղել ողջ կյանքում», - նշել է ԿԳ նախարարը` հույս հայտնելով, որ երբեմնի բոլոր ծրագրերը, որոնք վերջին տարիներին Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով որոշակիորեն խաթարվել են, ամբողջությամբ կվերականգնվեն և կընդլայնվեն: Նախարարն ընդգծել է, որ հարյուրավոր սիրիահայ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանում և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրակարգային խնդիր է:

 

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին` ընդունելության համար և շեշտել, որ կրթական համագործակցության արդյունավետությունն հիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով երրկողմ ծրագրերին` դեսպանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:

 

Այս համատեքստում դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ:

 

Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է և’ անվտանգության, և’ կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ :

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ