Տնտեսություն - Ձեզ բոլորիդ կոչ եմ անում անջատել «դրուժբաները» և միացնել միտքը. Վարչապետը բիզնես առաջարկ արել հաղարծինցիներին

Այսօր Հաղարծինը չի կարող ապրել այնպես, ինչպես ապրում էր մեկ ամիս առաջ, կամ երեք ամիս առաջ: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Հաղարծին համայնքում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ասեմ, որ ես մայրական կողմից Հաղարծինի թոռ եմ, Ջարխեչի թոռ եմ: Ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հաղարծինի 200-ամյակի կապակցությամբ: Եւ, այսօր ուզում եմ, որ 200-ամյակը Հաղարծինի համար նոր էջ  բացի, ինչպես, ընդհանրապես,  2018 թվականը Հայաստանի հանրապետության և քաղաքացու կյանքում նոր էջ է բացել»,-ասել է նա:

Վարչապետի խոսքով` Հաղարծինը եւ Տավուշի մարզը շատ երկար տարիներ դժվարությունները հաղթահարել է անտառի շնորհիվ` անտառը հատելով եւ վաճառելով, սակայն հիմա պետք է փոխել այդ տրամաբանությունը:

 

«Հիմա եկել են ժամանակներ, երբ մենք ուզում ենք ցույց տալ, որ անտառը չկտրելը ավելի մեծ շահույթներ կարող է բերել մեր ժողովրդին, քան թե անտառը կտրելը»,-ասել է նա:

 

Վարչապետն ասել է, որ ինքը դատարկաձեռն չի եկել և նվեր ունի Հաղարծինի համար, այն է` 140 հազար դոլարանոց մի ծրագիր:

 

«Էդ ծրագրով կֆինանսավորվեն Հաղարծին գյուղի այն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու, իրենց կյանքը կառուցելու ծրագիր, ովքեր կորոշեն` առանց բնությանը վնասելու նոր գործունեություն սկսել, չգիտեմ չրանոց բացել, անասնապահությամբ զբաղվել: Եւ ուզում եմ շեշտեմ` դա լինելու է ոչ թե վարկ, դա լինելու է գրանտ, այսինքն` նվեր, որ մարդիկ նոր էջ բացեն: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում անջատել «դրուժբաները» և միացնել միտքը»,-ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ