Միջազգային - Մադուրոն Կոլումբիայի նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձին մասնակցության մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին իր դեմ մահափորձին մասնակցության մեջ: Այս մասին հայտնել է անձամբ երկրի ղեկավարը ազգին հղած ուղերձում, որը հեռարձակել է TeleSUR հեռուստաալիքը: 

 

«Ամեն ինչ մատնացույց է անում աջերին, վենեսուելական ուլտրաաջերին՝ կոլումբիական ուլտրաաջերի հետ, և այս մահափորձի հետևում Խուան Մանուել Սանտոսի անունն է»,- ասել է Մադուրոն:

 

Մադուրոն հրապարակել է չհաջողված մահափորձի  որոշ մանրամասներ: «Թռչող սարքը պայթեց իմ դիմաց»,- ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ինքը սկզբում տեղի ունեցածն ընդունել է որպես պիրոտեխնիկայի պայթյուն՝ հանդիսավոր միջոցառման ավարտի առիթով, սակայն հետո գործնականում անմիջապես տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որից հետո սկսվել է իր պաշտպանության և տարհանման գործողությունը: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չեն տուժել:

 

Վենեսուելայի առաջնորդը հավելել է, որ միջադեպի ժամանակ հանգիստ է եղել, քանի որ «լիովին վստահում է ժողովրդին և զինված ուժերին»: «Ինձ Աստվածն է պաշտպանում, այդ պատճառով ես ողջ եմ և հաղթում եմ»,- ասել է Մադուրոն:

 

«Մահափորձի մասնակիցների մի մասը ձերբակալված է»,- ասել է Մադուրոն՝ մանրամասները չհրապարակելով: Նրա խոսքով՝ հետաքննությունն արդեն «շատ առաջ է գնացել»:

 

«Վենեսուելայում պետք է արդարադատություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր իմ դեմ և այդ պահին ներկա ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ մահափորձ կատարեցին: Արդարադատությունը առավելագույն պատիժն է: Նրանց հանդեպ ներում չի լինի: Նրանք, ովքեր համարձակվեցին մահափորձ կատարել, թող ներման մասին մոռանան»,- ասել է Մադուրոն:

 

Վենեսուելայի նախագահի կարծիքով՝ իր դեմ անհաջող մահափորձին մասնակցածների մի մասը ԱՄՆ-ում է բնակվում: Նա նշել է, որ շարունակում է պայքարը հանուն Բոլիվարական հեղափոխության նպատակների:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը, Մադուրոյին սպանելու փորձը իրականացվել է պայթուցիկով մի քանի անօդաչուների միջոցով, երբ նա ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ: Ռոդրիգեսը նշել էր, որ անօդաչուները վնասազերծվել են, վիրավորվել են ուժային կառույցների 7 աշխատակիցներ, երկրի ղեկավարության անդամները չեն տուժել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ