Կրթություն - Քննարկվել են հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցությունը

Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ ևլ իազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

 

 

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական  բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ: Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցները՝  հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հարցին, միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է  քաղաքական կամքը:

 

 

Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում բարեփոխումների փորձի փոխանակման եւ մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպան Սագանելիձեի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:

 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարեւան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հայ-վրացական կրթական  համագործակցության նոր ուղիները և առկա խնդիրները:

 

 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման և կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայնման,  Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները  հայերեն լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու,  ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ։

 

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ ապահովել հետագա շարունակական համագործակցությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ