Հասարակություն - Վաչագան Ղազարյանի համար մեկ մլրդ դրամի գրավը վճարվել է. նա ազատ է արձակվել

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամը վճարվել է: Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից:

 Վաչագան Ղազարյանն արդեն ազատ է արձակվել կալանքից:

 

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանի խոսքով՝ Ղազարյանը դեռ գործով ցուցմունք չի տվել, միայն որոշ բացատրություններ է տվել:

 

 

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:

 

 

Մինչեւ 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երեւան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինին պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 դոլար:

 

 

2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 դոլար եւ 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել եւ առգրավվել են:

 

 

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 դոլարի եւ 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, եւ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն՝ վերջինս ապօրինի հարստացել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ