Սպորտ - Երբ կյանքը պայքար է նաև ռինգից դուրս

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը Tesaket.info-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում կատարվող իրադարձություններին․

 

«20 տարի զրկանքների եմ ենթարկվել ինշխանությունների կողմից՝ թե որպես մարզիկ, թե որպես ազատամարտիկ և թե որպես հասարակ քաղաքացի․ չունեմ իմ տունը, աշխատանքը, իսկ երեխաներս ապրում են իրենց երկրից հեռու։ Չնայած այդ ամենին՝ ես, ինչպես Արցախյան շարժման առաջին օրերին, այնպես էլ այս Թավշյա հեղափոխության առաջին օրերին կանգնած եմ եղել իմ ժողովրդի կողքին։

 

Միայն թե բարի նախանձով էի նայում այն պապիկներին ովքեր իրենց թոռնիկների հետ միասին էին մասնակցում շարժմանը․ ես դրանից էլ զրկված եմ։ Չնայած դրան՝ ուրախ եմ, որ աղջիկներս ապրելով  դրսում՝ Իսպանիայում և Մոսկվայում մասնակցել են շարժմանը, թոռնիկներիս և իրենց ընտանիքների հետ միասին և իրենց փոքրիկ լուման են ունեցել մեր այս հաղթանակի մեջ»։

 

Բռնցքամարտիկը հպարտորեն նշեց նաև, որ այդ օրերին ԱՄՆ-ում ծնվել է իր թոռնիկը, ում անվանակոչել են պապի անունով, և հավելեց, որ փոքրիկ Սամսոնը արդեն այստեղ է՝ նոր Հայաստանում։

 

Սամսոն Խաչատրյանը պատմեց նաև, որ այս հեղափոխությունը եղավ հենց այնպիսին, ինչպիսին ինքը միշտ պատկերացրել է և շատ ժամանակ նաև բարձրաձայն էլ այդ մասին աշխարհի տարբեր կետերում։

 

«Ես դեռ շատ վաղուց էի պատկերացնում այս հեղափոխությունը, չնայած որ իմ պատկերացրածից ավելի լավ ընթացք ունեցավ։ Երբ շրջում էի տարբեր ծայրամասերով՝ ԱՄՆ-ից մինչ հեռավոր Կամչատկա խոսում էի այդ մասին, փորձում համախմբել այնտեղի հայերին սպասվելիք հեղափոխության համար և ուրախ եմ, որ վերջապես այն իրականացավ»։

 

Մեր զրույցին ներկա էր նաև Սամսոն Խաչատրյանի երեք որդիներից ավագը՝ Սարգիս Խաչատրայնը։ Ի զարմանս մեզ, մենք բացահայտեցինք, որ բռնցքամարտիկի երեք որդիների անուն էլ Սարգիս է՝ ի պատիվ բռնցքամարտիկի հոր։

 

Ավագ Սարգիս Խաչատրյանը այս հեղափոխության վառ ներկայացուցիչներից է․ այդ օրերին մեծ թմբուկով բազմությանը առաջնորդողը հենց նայե եղել։

 

Բռնցքամարտիկ-ազատամարտիկը նաև խոսեց նորանշանակ կադրերի մասին․

 

«Բավականին լավ ընտրություն կա նախարարների և պաշտոնյաների մեջ։ Օրինակ՝ լավ ընտրություն էր Վալերիյ Օսիպյանին՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակելը, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին․․․

 

Լավ է, որ երիտասարդ կադրեր են եկել, քանի որ սա Փաշինյանի և երիտասարդների համատեղ հաղթանակն էր, սակայն կան ճանապարհ անցած մարդիկ որոնք, այդպես էլ չեն գտել և չեն գտնում իրենց արժանի տեղը»։

 

Սամսոն Խաչատրյանը կարևոր խնդիր է համարում գործազուրկությունը նշելով, որ նրանք հազարավորներն են, որնցից մեկը հենց ինքն է։

 

Աշխարհահռչակ բռնցքամարտիկը համոզված է, որ ամեն բան լավ է լինելու։ Նա ընդգծում է, որ այս պահին կարևորագույն խնդիրը ճիշտ ճանապարհով շարունակելն է։

 

Անդրադարձանք նաև բռնցքամարտիկի ալկոհոլային խմիչքների հավաքածույին, որը մոտ 7 հազարից ավելի է։

 

Այդ փոքրիկ շշերի վրա ամենատարբեր բնագավառի հայտնի մարդկանց ստորագրություններն են՝ մարզիկներ, օլիմպիական չեմպիոններ, Սովետական Միության կրկնակի հերոսներ, տիեզարագնացներ, մշակույթի, քաղաքական ու պետական գործիչներ:

 

Հավաքածուն համալրելու համար Սամսոն Խաչատրյանը մի դեպքում հենց ստորագրված շիշն է ստացել, մյուս դեպքում խնդրել է ստորագրել իր ունեցած շշի վրա:

 

Աշխարհահռչակ բռնցաքամարտիկն իր հավաքածուն անվանում է համերաշխության շշեր, որովհետև այնտեղ միավորված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների ստորագրությունները:

 

Սամսոն Խաչատրյանն իր շշերին հարազատի պես է վերաբերում, նշելով․

 

«Յուրաքանչյուր շիշն արժեք է ինձ համար»

 

1975 թվականից մինչ օրս հավաքվող հազվագյուտ ալկոհոլային խմիչքների շշերի հավաքածուն ցուցադրված է Տիգրան Մեծ հյուրանոցային համալիրի սրճարանում, որտեղ մշտապես արժանանում է զբոսաշրջիկների ուշադրությանը և հիացմունքին։

 

Սամսոն Խաչատրյանը նշում է, որ չնայած շնորհակալ է իր հավաքածույին տեղ տրամադրելու համար համալիրի տնօրինությանը, սակայն մենք ինքներս էլ համոզվեցինք, որ դա այն տեղը չէ, որտեղ պետք է լինեն աշխարհում նմանը չունեցող թանգարանային շշերը։

 

«Այս հավաքածուն զբոսաշրջության զարգացման համար շատ կարևոր խթան է և ցավալի է, որ այն ոչ նախկին, ոչ էլ այսօրվա իշխանությունների օրոք իր արժանի տեղը չի գտնում»։

 

 Վերջում բռնցքամարտիկը հավելեց՝ իր միակ ցանկությունն է, որ շշերը գտնեն իրենց արժանի տեղը։

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ