Հասարակություն - Բուհերը կառավարությունից աջակցություն են ակնկալում. ընդունված ուսանողների թիվը փոքր է

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարի, ինչպես հայտնի է, կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնք հետեւանքն են փոքր թվով ուսանող ընդունելու, ինչն էլ իր հերթին շղթայաբար առաջ է բերելու տարբեր խնդիրներ:

Այս տարի եղել է գրեթե 5 հազար 300 դիմորդ, որը կիսով չափ պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Առայժմ բուհ է ընդունվել դիմորդներից 4 հազար 430-ը: Սպասվում է, որ մրցույթի լրացուցիչ փուլի արդյունքներով կընդունվի եւս 160-ը:  

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներն ակնկալում են, որ կառավարությունն, ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, օգնության ձեռք կմեկնի եւ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս անցնցում դուրս գալու համար: Խնդիրն, ի դեպ, միայն նոր ուսումնական տարվան չէ, որ հատուկ է լինելու, այլ փոխանցվելու է մի տարուց մյուսին, որովհետեւ այս տարի փոքրաքանակ ուսանողներ են լինելու առաջին կուրսում, մյուս տարի, փաստորեն, երկրորդում եւ այսպես շարունակ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ բուհերն այդ ճգնաժամին պատրաստվելու հնարավորություն ու ժամանակ ունեցել են: Խնդիրները կանխատեսվում էին դեռ տարիներ առաջ, երբ հայտնի էր, որ 12-ամյա հանրակրթության անցնելու ճանապարհին գրանցված որոշակի շեղումների պատճառով շրջանավարտների թիվը փոքր է լինելու:

 

Նախարարը չի պատասխանել հարցին, թե հատկապես ինչ ակնկալիքներ ունեն բուհերը և, այնուամենայնիվ, հնարավո՞ր է դրանց աջակցություն տրամադրվի: «Այս պահին կոնկրետ քայլեր չեմ ասի, որովհետեւ ես պատրաստվում եմ շաբաթ օրը պետական համալսարաների ռեկտորների հետ հանդիպել, վաղը՝ մասնավոր բուհերի: Ընդհանուր խնդիրները կքարտեզագրենք, բայց ակնհայտ է, որ բուհերը իրենք տարիներ շարունակ իմանալով, որ նման պրոբլեմների առաջ են կանգնելու, ըստ էության չեն պատրաստվել այս ճգնաժամին»,- երեկ լրագրողի հետ  զրույցում ասել է Արայիկ Հարությունյանը: «Դրա ձևերն ունեի՞ն» հարցին նախարարը դրական պատասխան է տվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ