Կրթություն - Աշխարհահռչակ Յուրի Օգանեսյանը հյուրընկալվել էր ԿԳՆ-ում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել մոսկվաբնակ անվանի գիտնական Յուրի Օգանեսյանի հետ: «Այսօր Կրթության եւ գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեեւի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։ Գիտությունը վերադառնում է Հայաստան»,- ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը:

Երբ փորձեցինք հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել՝ հատկապես ինչի շուրջ են եղել քննարկումները, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ է նկատի ունեցել նախարարը, երբ գրել է, որ գիտությունը վերադառնում է Հայաստան, գերատեսչությունից չպատասխանեցին: Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը միայն փոխանցեց, որ եղել է աշխատանքային քննարկում, որը վերաբերել է գիտությանը թափ հաղորդելուն:

2016 թվականին հայտնի դարձավ, որ Մենդելեեւի պարբերական աղյուսակում նոր քիմիական տարր կավելացվի, որը կկոչվի ի պատիվ ֆիզիկոս Յուրի Օգանեսյանի: 118-րդ այդ տարրը «օգանեսիում»-ն է (Og):  

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Օգանեսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է (ռեզենֆորդիում, դուբնիում, բորիում): Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, Սերբիայի Գիտության եւ գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2006 թվականին նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ