Սպորտ - Խորվաթիան ԱԱ 2018-ից դուրս է թողնում մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանին

Ռուսաստանի ֆոտբոլի ազգային հավաքականը դրամատիկ ընթացք ստացած խաղում չկարողացավ հաղթահարել աշխարհի 2018 թ. առաջնության քառորդ եզրափակիչը: Քիչ առաջ համառ պայքարում ճանապարհը զիջեց Խորվաթիային:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 31-րդ րոպեին ռուսներից գեղեցիկ գոլով հաշիվը բացեց Դենիս Չերիշեւը: Խորվաթների պատասխանը չուշացավ: 39-րդ րոպեին նրանք վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը:

Դրանից հետո 2 թիմերն էլ ուղիներ էին փնտրում դեպի մրցակցի դարպասը: Դրվագներից մեկում գոլին շատ մոտ էր Խորվաթիան: 60-րդ րոպեին Իվան Պերիսիչի հարվածից հետո բախտը ժպտաց ռուսներին, ու գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Հիմնական ժամանակում նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խորվաթներն առաջ անցան հաշվի մեջ 101-րդ րոպեին: Անկյունայինի իրացումից հետո գլխով հարվածով դարպասը գրավեց Դոմագոյ Վիդան:

Թվում էր՝ խորվաթները կկարողանան խաղը հանգիստ հասցնել հաղթական ավարտին, բայց ռուսները վերադարձան: Նրանք տուգանայինի իրավունք ստացան, որի իրացումից հետո Մարիո Ֆերնանդեսը նույնպես գլխով հարվածով հավասարեցրեց հաշիվը:

2:2, եւ ռուսներն ու խորվաթները կրկին, ինչպես 1/8 եզրափակչում, հաղթողին պետք է որոշեին 11-մետրանոց հարվածաշարում: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին խորվաթները: Հաղթեցին 4:3, ու 2-րդ խաղում անընդմեջ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 11-մետրանոցներով:

ԱԱ 2018-ը հյուրընկալող Ռուսաստանը մրցաշարի մնացած 4 խաղերը կդիտի հանդիսատեսի կարգավիճակով, իսկ Խորվաթիան կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի դեմ, որն այսօր շրջանցեց Շվեդիային: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին: Նախորդ օրը՝ հուլիսի 10-ին, տեղի կունենա կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Բելգիա խաղը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ